Սուրբ Տիրամոր վանք
Սուրբ Տիրամոր վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | institute of consecrated life? |
Երկիր | Լիբանան |
Դավանանք | Հայ կաթողիկե եկեղեցի |
Թեմ | Զմմառի պատրիարքական կղերական միաբանություն |
Հիմնական ամսաթվերը | 1750 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 1750 |
bzommarvank.com |
Սուրբ Տիրամոր վանք (Զմմառ), հայնտի որպես «Զմմառի վանք», հայկական վանական համալիր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից 30 կմ հյուսիս-արևելք, Քեսրուանի լեռան լանջին։ Հանդիսանում է Հայ կաթողիկե եկեղեցու Զմմառի պատրիարքական կղերական միաբանության աթոռանիստը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1749 թվականին։ 1750–1751 թվականներին կառուցվել են վանքի առաջին խցերը, վեհարանը, մատուռը, 1771 թվականին՝ ջրհորը և Սբ. Աստվածածին եկեղեցին, որի երկայնական պատերին մոտ դրված սյուների վրա բարձրացող գմբեթը զարդարված է Հռոմից 1780-ական թվականներին բերված 12 առաքյալների յուղանկարներով։ Պատերին չորս ավետարանիչների նկարներն են, որոնցից առավել տպավորիչ է Հովհաննես ավետարանիչի պատկերը (1785, նկարիչ՝ Վինչենցո Միլոնե)։ Ավագ խորանին Տիրամոր Վերափոխման մեծադիր կտավն է (1780, նկարիչ՝ Պիետրո Լաբրոցցի)։
18–19-րդ դարերում Ավագ խորանի առջև թաղված են Հայ կաթողիկե եկեղեցու հինգ կաթողիկոս-պատրիարքներ։ Աղոթասրահի հյուսիսային և հարավային պատերին Գրիգոր Ա Լուսավորչին և Հովսեփին նվիրված խորաններն են։ Հյուսիսարևելյան սյան առջև սև էբոնիտից քանդակազարդ պատրիարքական գահն է։ 1783 թվականին կառուցվել է վանքի հյուրանոցը, 1791 թվականին՝ ժառանգավորաց վարժարանի երկհարկանի շենքը, 1799–1810 թվականներին՝ քարոզիչների խցերը։ 1802 թվականին կայծակից կործանվել է Սբ. Աստվածածին եկեղեցու գմբեթը, որը նույն տարում նորոգվել է ավելի փոքր ծավալով և պարփակվել եկեղեցու երկթեք տանիքի տակ։
1834 թվականին կառուցվել է վանքի սեղանատունը։ 1867 թվականին պատրիարքական աթոռը Զմմառի վանքից տեղափոխվել է Կ. Պոլիս (1929 թվականից կրկին հաստատվել Զմմառի վանքում)։ 1901 թվականին կառուցվել է վանքի բարձր, սլացիկ զանգակատունը, 1908 թվականին՝ մեծ դահլիճը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վանքում տեղակայվել է թուրքական զորամաս, որը կողոպտել է վանքը։ Այստեղ պահվող ձեռագրերը փրկելու համար թաքցրել են մարոնի Մար Շալլիթայի վանքում, սակայն խցերի խոնավությունից շատ մագաղաթներ փչացել են։ Մեծ Եղեռնի ժամանակ նահատակվել է վանքի 15 միաբան։ Զմմառի վանքը ապաստան է տվել Կիլիկիայից տարագիր 400 որբի, սատարել Լիբանանում հաստատված բազմահազար հայ գաղթականների։
1940 թվականին կառուցվել է Զմմառի վանքի Սբ. Ցավագին Տիրամոր մատուռը, որի սեղանին զետեղվել է Սբ. Աստվածածին եկեղեցուց տեղափոխված Տիրամոր սրբապատկերը։ Մատուռն օծել է Գրիգոր-Պետրոս ԺԷ կաթողիկոս-պատրիարքը (կարդինալ Գ. Աղաջանյան)։ 1945 թվականին Սբ. Աստվածածին եկեղեցին նկարազարդել է Հ. Կալենցը։ 1946 թվականին նորոգվել է եկեղեցին, կառուցվել միաբանների դամբարանը, որը 1948 թվականին պսակվել է Հարուցյալ Հիսուսի արձանով։ 1961 թվականին կառուցվել է վարժարանի նոր շենքը, 1963 թվականին՝ թանգարանը, 1975 թվականին զանգակատան գագաթին դրվել է հայաոճ, սյունազարդ գմբեթ։ 1976 թվականին Զմմառի վանքի մոտ կառուցվել է վանքի կազդուրման կայանը, 1979 թվականին Զմմառի վանքը ամբողջովին նորոգվել է։ Վանքը տարբեր վայրերում բազմաթիվ կալվածքներ ունի։
Վանքի մատենադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքի մատենադարանում պահվում է ձեռագրերի հարուստ հավաքածու (շուրջ 1500 ձեռագիր, որոնցից 1300-ը՝ հայերեն, շատերը՝ մանրանկարներով)։ Զմառի վանքի հավաքածուն առանձնապես հարուստ է Տաղարաններով ու Բժշկարաններով։ Այստեղ են պահվում Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» հնագույն ձեռագիրը (1240), «Գիրք թղթոցի» միակ օրինակը (1288) և այլն։
Վանքում է Մերձավոր Արևելքի հայկական ամենախոշոր գրադարանը՝ մոտ 30 հզ. կտորով, հայկական առաջին տպագիր գրքերից մինչև Հայաստանի Հանրապետության նորագույն հրատարակությունները։ Վանքի թանգարանում գտնվում են Հայաստանի հետ աղերս ունեցող բազմաթիվ ցուցանմուշներ՝ նախապատմական ժամանակներից մինչև 20-րդ դարը։ Հատկապես հարուստ է դրամագիտական բաժինը։ Եկեղեցական իրերի բաժնում կան կիրառական արվեստի արժեքավոր գործեր՝ Ավետարանների արծաթե հին պահպանակներ և մասնատուփեր, սադափե, փղոսկրե վարդապետ. գավազաններ, լանջախաչեր, ասեղնագործ շուրջառներ, մարգարտաշար թագեր և արծաթե սաղավարտներ, սկիհներ, մեդալիոններ ու շքանշաններ, իտալ. գեղանկարչության կտավներ, սրբապատկերներ և այլն[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 354 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 697)։ |